Աբխազիայում ընդդիմության կողմնակիցները ապամոնտաժում են կառավարական համալիրի ցանկապատը
Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Աբխազիայի Ինքնիշխանության կոմիտեի ներկայացուցիչ Լևան Լագուլաան հայտնել է, թե թողնելու են կառավարական համալիրը շրջապատող ցանկապատի միայն մի հատված՝ հետագա կառավարությանն ուղղված համապատասխան ցուցանակով առ այն, որ պետք է լինել ժողովրդի կողքին և չմեկուսանալ նրանից:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ էլ՝ ցուցարարները հայտարարել են, թե մտադիր են ապամոնտաժված պարիսպը տեղափոխել Վրաստանի հետ սահման ու հանձնել սահմանապահ ծառայությանը։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։
Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև Աբխազիայում փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։
Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգել է։
Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի նստավայրը, և պահանջել նախագահի հրաժարականը։