Փրկարարներն Աղվանի-Տաթև ճանապարհին օգնել են խցանումից դուրս բերել 103 տրանսպորտային միջոց
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 3 կմ-անոց խցանում, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Փրկարարներն ու պարեկները բահերով հող են լցնում մերկասառույց ճանապարհին, որպեսզի վարորդները կարողանան ազատ երթևեկել, իսկ մինչև այժմ Գորիսի ճանշինը չի բարեհաճել ժամանել նշված վայր և կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու, աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։
Մերկասառույցի պատճառով 1 բեռնատար մասամբ կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել արգելափակման մեջ եղած 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաների։
Փրկարարների և պարեկների շնորհիվ ժամը 14:50-ի սահմաններում երթևեկությունը նշված հատվածում միակողմանի վերականգնվել է։