Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմաններում Երևան Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են «BMW»-ն, «Mercedes Sprinter»-ը, «Opel»-ը, «Mercedes»-ը և «MAZ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։