Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն
2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին:
Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:
Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։
Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:
Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:
Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ:
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: