Սյունիքում դատավոր նշանակելու համար առաջարկվել է Արթուր Ոսկանյանի թեկնածությունը
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Արթուր Ոսկանյանի թեկնածությունը։
Բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 11-ի որոշման մեջ ասվում է․
«2024 թվականի նոյեմբերի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1.Հանրապետության նախագահին առաջարկել Արթուր Արմենակի Ոսկանյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արթուր Արմենակի Ոսկանյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: