Եվրամիությունը պետք է վերանայի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. Հունգարիայի վարչապետ
Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք հանգեցնում են էներգակիրների գների բարձրացման և խաթարում Եվրոպայի մրցունակությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա անդրադարձել է Եվրամիության ղեկավարների՝ նոյեմբերի 8-ին Բուդապեշտում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Եվրոպայի մրցունակության մասին հռչակագրին: Փաստաթուղթն ուղղված է նավթի, գազի, էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը։
«Էներգակիրների գները պետք է իջեցվեն բոլոր հասանելի միջոցներով։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է վերանայվեն, քանի որ ներկայիս պատժամիջոցային քաղաքականության դեպքում էներգակիրների գները չեն նվազի»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Օրբանը նշել է, որ ԵՄ երկրներում արդյունաբերական ընկերությունները գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի շատ են վճարում, քան ԱՄՆ-ում և Չինաստանում իրենց հիմնական մրցակիցները: Նրա խոսքով՝ դա խաթարում է Եվրամիության մրցունակությունը: