ԵՊՀ-ն անդրադարձել է ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի փակման շուրջ խոսակցություններին
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը չի փակվում, իրականացվելու են վերախմբավորումներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԵՊՀ-ից՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններին, թե ամբիոնը փակվում է:
«Ոչ մի ամբիոն չի փակվում, այլ Ֆիզիկայի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ իրականացվելու են վերախմբավորումներ: Խոսակցությունները՝ կրճատումների և քիչ ուսանողներ ունենալու մասին, իրականությանը չեն համապատասխանում: Խոսքը ԵՊՀ-ի ինստիտուտներից մեկի մեջ ընդգրկված ստորաբաժանումների վերախմբավորման մասին է, այսինքն՝ այդ ստորաբաժանումները չէին համապատասխանում գիտության այսօրվա պահանջներին, և փոփոխություններն ուղղված են դրանք ավելի ժամանակակից դարձնելուն»,- ասաց ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանն էլ նշեց, որ դեռևս նախորդ տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միավորվել են՝ ձևավորելով ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտը:
«Եթե այդ ֆակուլտետները միավորվեին և այլ փոփոխություններ չիրականացվեի, դա կլիներ անիմաստ, քանի որ, այդ միավորումը ենթադրում է նաև շատ լուրջ իմաստային և բովանդակային փոփոխություններ: Սա զարգացող օրգանիզմ է, որը բնականաբար ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Նշեմ, որ ներկայումս ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտում սովորում է 800 ուսանող»,-ասաց ինստիտուտի տնօրենը:
Անդրադառնալով անվանափոխության շուրջ խոսակցություններին՝ Ներկարարյանն ընդգծեց՝ փոփոխություններից հետո նոր ամբիոնի անվան ընտրությունը անցնելու է հատուկ ընթացակարգով:
Անդրադառնալով քննադատությանը, թե ԵՊՀ-ն անուշադրության է մատնել ֆիզիկային առնչվող կրթական ծրագրերը՝ ԵՊՀ պրոռեկտորը հակադարձեց՝ ԵՊՀ-ն շատ կարևորում է բուհի գիտական գործունեությունը հատկապես ֆիզիկա- մաթեմատիկական ուղղվածությամբ: Ըստ նրա՝ գիտական ոլորտում հաջողությունների մեջ մեծ ներդրում ունի հենց ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտը, քանի որ միջազգային հրապարակումների կեսը հենց այդ ինստիտուտից է: Այս պահին էլ այնտեղ մի քանի շատ մեծ նախագծեր են արվում, որի արդյունքում առաջիկայում նոր մեծ լաբորատորիաներ կկառուցվեն:
Պրոռեկտորը ընդգծեց՝ համալսարանը տարիներ շարունակ ուշադրություն է դարձրել հենց այս ուղղությանը, որը նաև արտացոլվել է ընդունելության ընդհանուր պատկերի վրա: Այս տարի Ֆիզիկայի ինստիտուտն ունեցել է 202 դիմորդ, որոնցից 107 սովորում է անվճար: