Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Փաաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։
Պաշտպանյալս, Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեաքաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս` տնային կալանքում։
Այս շինծու մեղադրանքով հետապնդման հենց առաջին րոպեից հաստատապես պնդել եմ, որ այն ամբողջությամբ ապօրինի է, զուրկ է որևէ հիմքից և իրականացվողն ուղիղ քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։
Այսօր դատախազն արդեն իր որոշմամբ հաստատեց պնդումներս և, հիմք ընդունելով այն փաստը, որ պաշտպանյալս չի կատարել իրեն մեղասգրված հանցավոր արարքը, քրեական հետապնդումը դադարեցրեց։
1) Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից:
2) Արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում:
Վերոգրյալ երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ․․․»։