Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի պահին փողոցում արտաքին լուսավորությունը միացված չի եղել։