Կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրությունը
Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշումը կայացվել է ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրության հիման վրա, համաձայն որի հրուշակեղենի այս արտադրամասն աշխատել է սահմանված սանիտարահիգիենկի նորմերի կոպիտ խախտումներով:
Այսպես՝
արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,
սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, դրանք չեն իրականացվել,
արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի, սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: