Թրամփը Մարկո Ռուբիոյին պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունն առաջադրում է իր վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:
«Նա կլինի մեր երկրի ուժեղ ջատագովը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք զիջումներ չի անի մեր հակառակորդներին», - մեջբերում է գործակալությունը հատված Թրամփի հայտարարությունից։
Ռուբիոն սենատորի պաշտոնն զբաղեցնում է 2011 թվականից. մինչ այդ նա եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել էին Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնում 53-ամյա Ռուբիոյին առաջադրելու Թրամփի պլանների մասին։
Մարկո Ռուբիոն, մասնավորապես, հայտնի է Չինաստանի, Իրանի և Կուբայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ և Իսրայելի մեծ աջակիցն է։ Միևնույն ժամանակ նա կիսում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղի գտնելու անհրաժեշտության վերաբերյալ Թրամփի կարծիքը։