Բրազիլիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուններ իրականացնող կասկածյալը զոհվել է
Բրազիլիայի մայրաքաղաքում Գերագույն դատարանի շենքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է շենքի վրա հարձակման փորձ կատարող տղամարդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Տղամարդն, ամենայն հավանականությամբ, զոհվել է իր սեփական պայթուցիկների պատճառով։ Նրան մահացած վիճակում գտել են անմիջապես այն բանից հետո, երբ շենքի մոտ երկու պայթյուն է լսվել։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։
Տվյալ հատվածը շրջափակվել է։ Տղամարդու մարմինը խուզարկելու համար օգտագործել են ռումբեր ոչնչացնող ռոբոտ։
Ըստ ոստիկանության՝ տղամարդու մարմնի մոտ հայտնաբերվել են այլ պայթուցիկներ։ Հայտնաբերվել է նաև թայմեր, որը, հնարավոր է, կապված է այլ սարքերի հետ։
Մայրաքաղաք Բրազիլիայի ղեկավարի տեղակալ Սելինա Լեաոն լրագրողներին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը մոտեցել է դատարանի մուտքին, և նրան թույլ չեն տվել ներս մտնել։ Պաշտոնյան խորհուրդ է տվել, որ նոյեմբերի 14-ին խորհրդարանը փակ մնա, մինչ հետաքննությունը շարունակվում է։
Անվտանգության նկատառումներով՝ պայթյուններից հետո Գերագույն դատարանում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Դատարանը գտնվում է «Երեք իշխանությունների հրապարակ» կոչվող հրապարակում. այնտեղ են գտնվում իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմինները։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պայթյուններից կարճ ժամանակ առաջ հեռացել էր տարածքից։