Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է. Սարուխանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 14-ին Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձները կփոխանցվեն։
«Սիրելի՜ Գյումրեցիներ, Գյումրու համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների սիրելի՜ աշխատակիցներ,
Ինչպես տեղյակ եք, Գյումրու համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի տեղակալի, «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամների հրաժարականներից հետո Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ Գյումրեցիներ այս ընթացքում դիմում էին ինձ աշխատավարձների ուշացման հարցով։ Որպես ԱԺ պատգամավոր՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ֆինանսների նախարարության և Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ աշխատանքներ կատարելով՝ կարող եմ վստահաբար ասել՝ Գյումրու համայնքապետարանի, ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է, և ամենայն հավանականությամբ վաղը աշխատավարձները կփոխանցվեն։
Սիրելի՜ Գյումրեցիներ, ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ ամբիոնից Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած ստեղծված կառավարման ճգնաժամին, Գյումրին կունենա գլխավոր տոնածառ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Գյումրում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամին՝ ասելով. «Ամենայն հարգանքով բոլորի և ցանկացած մարդու որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ. ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, կոնկրետ քաղաքական անպատասխանատվության դրսևորում է»: