Հայաստանը 4-րդ անգամ հյուրընկալել է IEEE EWDTS\'2024 միջազգային սիմպոզիումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է Երևանում ընթացող 20-րդ IEEE EWDTS'2024 (Արևելք-Արևմուտք, Նախագծում և Թեստավորում) միջազգային սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությանը:
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ «Հայաստանը ոգևորված է հյուրընկալելու այնպիսի հեղինակավոր սիմպոզիում, ինչպիսին IEEE EWDTS'2024-ն է։
«Մեր երիտասարդ ճարտարագետներն ու գիտակրթական համայնքը փայլուն հնարավորություն կունենան աշխարհի առաջատար մասնագետներից տեղեկանալու ամենաառաջադեմ զարգացումների մասին, գիտելիքներ փոխանակելու և ընդլայնելու իրենց մասնագիտական ցանցը՝ ստեղծելով նոր կապեր: Նման կարևորության և մասշտաբի սիմպոզիումի անցկացումը Հայաստանում կրկին ընդգծում է Հայաստանի գլխավոր դերակատարումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջընթացի մեջ»,- նշել է Սիմոնյանը։
IEEE EWDT սիմպոզիումի նախագահ, IEEE TTTC խորհրդի նախագահ, «Սինոփսիսի» առաջատար գիտնական և «Սինոփսիս Արմենիայի»ի նախագահ Երվանդ Զորյանը, իր հերթին կարևորելով նման ֆորումները համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների շրջանում, ընդգծել է, որ այս տարի IEEE EWDTS'2024-ը Երևանում կմեկտեղի ներկայացուցիչներ 14 երկրից, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով:
«Հատկանշական է, որ այս տարի EWDTS24-ի նիստերի մի մասը կանցկացվի MIF-ի (Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի) հետ համատեղ, ինչը կկրկնապատկի միջոցառման ներգրավվածությունն ու ազդեցությունը»,- շեշտել է Զորյանը:
Հայաստանը 4-րդ անգամն է հյուրընկալում այս սիմպոզիումը, որը համախմբում է սիլիկոնային ոլորտի փորձառու մասնագետներին և գիտնականներին ամբողջ աշխարհից:
IEEE EWDTS'2024 սիմպոզիումի հիմնական նպատակն է ներկայացնել և տարածել էլեկտրոնային սխեմաների և համակարգերի ավտոմատացված նախագծման, ինչպես նաև թեսթավորման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում առկա միտումներն ու առաջընթացները Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ մասերից առաջատար և փորձառու մասնագետների և գիտնականների կողմից:
Սիմպոզիումն իր աշխատանքները կշարունակի նոյեմբերի 13-17-ը, որի լիագումար նիստերին կներկայացվեն մի քանի տասնյակ հանգուցային ելույթներ և զեկույցներ: