Պարզեցված ընթացակարգ՝ ԼՂ-ից տեղահանվածների ավտոմեքենաների գրանցման համար (տեսանյութ)
Կառավարության ընդունած որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց կողմից օգտագործվող, սակայն, մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։
Նոր ընթացակարգի համաձայն՝
- տեղահանված մեր հայրենակիցները կարող են գրանցել մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքը, նրանցից չի պահանջվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի գրանցումը կկատարվի նշված տրանսպորտային միջոցի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։
- Սոցիալական պայմանները հաշվի առնելով` շահառուները կազատվեն նաև փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Ընթացակարգը կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հետևյալ կարգավորումներին՝
- Սահմանված ժամկետում հիմքերը ներկայացնելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կկատարվի ներկայացնողի անվամբ։
Այս դեպքում, չարաշումներից խուսափելու և գործընթացը սոցիալական նպատակին ծառայեցնելու համար, անհրաժեշտ կլինի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող փաստաթղթերը Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայացնել նոտարական հաստատումից հետո։
- Մեկ անձը կարող է իր անվամբ գրանցել միայն մեկ տրանսպորտային միջոց։
- Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ-ում գրանցելու պարագայում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի շահառուի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն։
Բացի այդ, գրանցելու պարագայում նախկին հաշվառումը կդադարեցվի, իսկ նախկին հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագիրը կփոխարինվեն նորով։