Մարզերում շտապօգնության կողմից բնակչության սպասարկման խնդիրները լուծելու նպատակով կայացվել է որոշում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․
«Արձագանքելով պատգամավոր Գեղամ Նազարյանի` այսօր Ազգային ժողովում հնչեցրած այն մտքին, թե պետք է մտածել գյուղերում ապրող մարդկանց մասին և արագացնել շտապօգնության կանչի տևողությունը` նշեմ, որ հենց մարզերում շտապօգնության կողմից բնակչության սպասարկման խնդիրները լուծելու նպատակով էլ կայացվել է կառավարության կողմից որոշում` ներդնելու Հանրապետական շտապօգնության ծառայությունը, որով մենք փուլ-փուլ լուծում ենք սպասարկման խնդիրները, այդ թվում` սահմանում ենք նաև կանչի տևողության ժամանակահատվածի նկատմամբ վերահսկողությունը:
Փաստ է, որ Հյուսիսային կայանում, որտեղ արդեն թվայնացման գործընթացը իրականացվել է, շտապօգնությունն ավելի արագ է արձագանքում և ավելի արագ է տեղ հասնում, կա վերահսկելիություն, արդյունքում արձանագրել ենք ամենաքիչը 2 րոպե ավելի արագ կանչի սպասարկում:
Ձեր կողմից նշված բնակավայրերից, օրինակ` Լուսաձորում, որի հեռավորությունը կայանից 8.1 կմ է, շտապօգնության տեղ հասնելու ժամանակը միջինում կազմել է 12 րոպե, իսկ այլ վայրից` (կանչից) մինչև 20 րոպե, ինչը համապաստախանում է չափորոշիչներին:
Այլ հարց է, որ չպետք է սահմանափակվել այս ցուցանիշներով, բոլոր մարզերում և համայնքներում համակարգը գնալով կվերափոխվի, և այդ պրոցեսները կբերեն ավելի լավ արդյունքների»: