Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում
Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ին կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. միջոցառման շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է պլանավորել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոյեմբերի 18-19-ին Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենա Մեծ քսանյակի հերթական գագաթնաժողովը: Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ մեր երկրի պատվիրակությունն այս միջոցառմանը կգլխավորի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա նշել է, որ Լավրովը ելույթ կունենա լիագումար նիստում և մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ելույթները նախատեսված են նոյեմբերի 18-ին լիագումար նիստերի ընթացքում՝ անհավասարության, սովի և աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև գլոբալ ինստիտուտների բարեփոխման թեմաներով: Գագաթնաժողովի շրջանակներում նաև նշանակվել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մի շարք երկկողմ բանակցությունները և շփումները», - հավելել է նա։
Զախարովան նշել է, որ առաջնորդների հանդիպումը կբացվի սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի մեկնարկով։
«Սա Բրազիլիայի նախագահի գլխավոր նախաձեռնությունն է. այդ ժամանակավոր համակարգման մեխանիզմը կոչված է ելք գտնելու պարենային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության խնդրահարույց հարցերից: Ռուսաստանը մտադիր է գագաթնաժողովում հայտարարել դաշինքին միանալու մասին», - հավելել է նա։