Հայաստանի սահմանադրության փոփոխության կարիք չկա․ Փաշինյան
Հայաստանի սահմանադրության փոփոխության կարիք չկա: Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանից հնչող պահանջներին, պնդումներին, թե ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանից տարածքային պահանջներ է պարունակում:
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, որ ՀՀ սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ–ի մասին: Սակայն Հայաստանի սահմանադրական դատարանը 2024թ սեպտեմբերի 26–ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում:
«Հայաստանի Հանրապետության սահմանադրության տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ դրույթ՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի, չի պարունակվում: Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն: Այսինքն՝ եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից»,–ասաց Փաշինյանը:
Որպես երկրորդ փաստարկ վարչապետը նշեց այն, որ Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ հոկտեմբերի 18–ին ընդունված սահմանադրական ակտին, որն էլ իր հերթին հղում է անում 1918թ մայիսի 28–ին ընդունված Ադրբեջանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագրին: Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը:
Վարչապետը նշեց, որ 1919թ նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը՝ համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ընդհանուր՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը:
«Այսպիսով այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՀՀ–ն, սակայն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով: Նախ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը»,–ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանում: Դրանից առաջ կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը ստուգելու համար:
«Եթե ՍԴ–ն որոշի (ինչը սեպտեմբերի 26–ի որոշումից հետո քիչ հավանական է), որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ–ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև ստորագրել ենք խաղաղության պայմանագիր: Եթե ՍԴ–ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց ԱԺ–ում»,–ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ գործող սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: «Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ՝ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը հայելային կերպով վերաբերվում է նաև Ադրբեջանին: Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»,–ասաց Փաշինյանը: