Հանրահայտ երգիչ Քրեյգ Դեյվիդը Հայաստանում կներկայանա TS5 շոուով
Երգիչ Քրեյգ Դեյվիդը, որի Walking away հիթային երգը տարիներ առաջ համաշխարհային ճանաչում բերեց աստղին, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քրեյգ Դեյվիդի TS5 շոուն Երևանում կազմակերպվել է «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում։ Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Երեկոյին կհնչեն 7 Days, Fill Me In, Walking Away և այլ երգեր՝ շոուի համար ստեղծված բացառիկ DJ ռեմիքսներով։
Ամբողջ աշխարհում այդ շոուի տոմսերը սպառվում են հաշված րոպեների ընթացքում։ TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր՝ կազմակերպված արտիստի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։
Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլն։ Երևանում արտիստը հանդես կգա ոչ միայն որպես երգիչ, այլև որպես DJ։