Արգենտինայում գնաճը տարեսկզբից հասել է 107 %-ի
Արգենտինայում հոկտեմբերին գնաճը կազմել է 2,7 %, իսկ տարեսկզբից՝ 107 %: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության Վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալները։
«Սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակը 2024 թվականի հոկտեմբերին աճել է 2,7 տոկոսով, տարեսկզբից՝ 107 տոկոսով: Անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճը կազմել է 193 տոկոս», - ասված է զեկույցում։
Հոկտեմբերի ցուցանիշը դարձել է ամենացածրը 2021 թվականի նոյեմբերից ի վեր՝ հաստատելով գնաճի տեմպերի դանդաղման միտումը։ Հոկտեմբերին ինդեքսի վրա ամենից ուժեղ ազդել է կոմունալ ծառայությունների (+5,4 %), հագուստի (+4,4 %), ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ծառայությունների (+4,3 %) գների աճը։
Արգենտինան արդեն մի քանի տարի ամենաբարձր գնաճ ունեցող երկրների թվում է։ 2023 թվականի արդյունքներով՝ գների աճը երկրում կազմել է 211,4 %, 2022 թվականին՝ 94,8 %, 2021 թվականին՝ 50,9 %։ Գների աճը զգալիորեն արագացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին Խավիեր Միլեյի նախագահ ընտրվելուց հետո: Նրա կառավարության առաջին միջոցներից մեկը դոլարի պաշտոնական փոխարժեքի բարձրացումն էր 366 պեսոյից մինչև 800 պեսո։
Միլեյը պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել էր տնտեսության մեջ շոկային միջոցների անհրաժեշտության մասին։ Վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում երկրում աղքատության մակարդակը 41,7 %-ից հասել է 52,9 %-ի, իսկ ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում նվազել է 3,4 %-ով: