ԱԱԾ-ում այս տարվա ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ բարեփոխումներ. Անդրանիկ Քոչարյան
Ազգային անվտանգության ծառայությունում 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ բարեփոխումներ։
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ բարեփոխումները ներառում են սահմանային նոր ուղեկալների ստեղծում, տեսահսկման համակարգերի ներդրում, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման և գրանցման սպասարկման կենտրոնների հիմնում, կիբեռանվտանգության ապահովման ծրագրեր,ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ, ինչպես նաև աշխատանքային ֆոնդի վերանայում և այլն, որոնց մի մասը կրում է շարունակական բնույթ, ինչով էլ պայմանավորված է բյուջետային հայտում համապատասխան ծախսերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանը նաև հիշեցրեց վերջին շրջանում ԱԱԾ-ի բացահայտումները, որոնք, ըստ նրա, արդյունք են Ազգային անվտանգության ծառայության համակարգում իրականացված բարեփոխումների։