Մոլդովայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ տեղի նախագահական ընտրությունները հետաքննելու՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կոչերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մոլդովայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Մոլդովայի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիվանագետին հայտնել են մոլդովական կողմի խորը դժգոհության մասին՝ շեշտելով խեղաթյուրված և անհետևողական ձևը, որով վրացի քաղաքական գործիչը հրապարակայնորեն մեկնաբանում է Մոլդովայում ընտրական գործընթացները և եվրաինտեգրման ճանապարհը։ ԱԳՆ-ն նշել է, որ երկու երկրների հարաբերություններում պետք է գերակայի համագործակցությունն ու բարեկամությունը։
Քիշնևն այսպես արձագանքեց Կոբախիձեի այն խոսքերին, որ եթե անհրաժեշտ է հետաքննել ընտրությունների անցկացումը, ապա պետք է սկսել Մոլդովայից, ոչ թե Վրաստանից։ Այդ մասին նա հայտարարել է ի պատասխան ընդդիմության պահանջին՝ միջազգային հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։