Ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները․ ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այնուհետև անդրադարձել «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» արտահայտությունը․
«Նոր ինձ ուղարկեցին, ես էլ ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները:
Իսկ այդ ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Սյունիքի մարզի մեր երիտասարդների հետ քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ ստեղծել ու դրանք տարածել, անկախ գտնվելու միջավայրից, պաշտոնից ու այլ հանգամանքներից` առաջին հերթին ազնիվ մարդ լինել, մշտապես աշխատել սեփական պրոֆեսիոնալիզմի ու անձի զարգացման վրա, լինել հոգատար, ապրումակցող ու կարեկցող: Զրուցել ենք նաև այն մասին, թե ինչքան կարևոր է սեփական նվիրված աշխատանքի միջոցով մեր միջավայրում ու մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելը:
Ուրախալի փաստն այն է, որ կան այսպես ապրող մարդիկ, այդ թվում` այսօրվա հանդիպման մասնակիցները: Մեր առաքելությունն այն պետք է լինի, որ այս արժեքները գերակայող դառնան մեր իրականությունում: Հպարտանում եմ մեր երիտասարդներով:
Հանդիպումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Մարգարյանի մայր Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ: Մասնակցել է շուրջ 60 երիտասարդ՝ Սիսիանի տարբեր գյուղական բնակավայրերից»։