Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց․
«Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։ Այսինքն, ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի՝ արեւմտամետ կուրսի որդեգրումը` Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ․ «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։
Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից են լինելու նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող ճնշումների մասին տեղեկությունների տարածումը»։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս հայտարարությունը Հայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն եւ ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ եւ իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արեւմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։
Ակնարկել են, որ Հայաստանում էլ, Վրաստանի օրինակով, ընդունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ արտերկրից ստացվող գումարների հոսքը կանխելու համար։ Եթե ոչ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը: Թե ինչպես, չմանրամասնեցին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: