ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենի հետ
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ:
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին և ՎԶԵԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Ռենե վան Հելին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ:
Հանդիպման շրջանակներում կողմերը նախ բարձր են գնահատել այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման մակարդակը: Ապա քննարկվել են ՎԶԵԲ՝ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագիծը, վերջինումս արտացոլված գերակա ուղղությունները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի և ՎԶԵԲ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքը:
Մտքեր են փոխանակվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն աջակցության, էներգետիկ ու ջրային ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային նախաձեռնություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը և հույս հայտնել, որ ապագայում նույն կերպ կշարունակվի և ավելի կամրապնդվի ունեցած արդյունավետ համագործակցությունը: