Լոռիում պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Համազասպ Ն․-ն և հայտնել, որ Վանաձոր քաղաքի իր տնից գողություն է կատարվել:
Արդեն տեղում Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Համազասպ Ն․-ն Լոռու մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալն է։