ԱՄՆ-ում լաբորատորիայից փախած ևս 24 կապիկ վերադարձվել է
ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգում գտնվող լաբորատորիաներից մեկից փախած 43 կապիկներից ևս 24-ին հաջողվել է անվնաս բռնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Հետազոտությունների համար պահվող 24 կապիկների բռնել են նոյեմբերի 10-ին, իսկ դրանից մեկ օր առաջ՝ ևս մեկի։
Ոստիկանությունը հայտնել է, որ կապիկների բավական մեծ խումբ գիշերն անցկացրել է լաբորատորիայի ցանկապատի շուրջ գտնվող ծառերի վրա։ Անասնաբույժներն ուսումնասիրել են կենդանիներին և նշել, որ ըստ նախնական տվյալների՝ նրանք առողջական լավ վիճակում են։
Կապիկները Alpha Genesis ընկերության հետազոտական կենտրոնից փախել են նոյեմբերի 6-ի երեկոյան, քանի որ աշխատողներից մեկը նրանց կերակրելուց հետո դուռը լավ չէր կողպել։
Փախուստից հետո կապիկները եղել են հետազոտական կենտրոնի ցանկապատի մոտ և հեռվից հաղորդակցվել ներսում գտնվող կապիկների հետ։ Պրիմատների շարունակական հաղորդակցությունն, ըստ ոստիկանության, լավ նշան է։
Alpha Genesis-ը, դաշնային առողջապահական իշխանությունները և ոստիկանությունը հայտարարել են, որ կապիկները հանրային առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Լաբորատորիան բուծում է կապիկներին, որպեսզի նրանց վաճառի բժշկական և այլ հետազոտություններ իրականացնողներին։