Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինհրապարակ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարության կազմակերպմանը և շինհրապարակի կահավորմանը։
Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, կոմիտեի մասնագետներ, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ասոցիացիայի ներկայացուցիչներ։
Կոմիտեի ղեկավարը տեղում դիտարկել է կանաչ շենքերի հավաստագրման LEED համակարգին համապատասխան իրականացվող շինարարությունը։ Նա կարևորել է միջազգային առաջադեմ չափանիշների ներմուծումը նախագծային և շինարարական աշխատանքներում, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նման ծրագրերում։
Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են տեխնոպարկի առանձնահատկությունները, նշել, որ այն համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով և հարմարավետ աշխատանքային միջավայրով։ Ակնկալվում է, որ «Դալան» տեխնոպարկը կլինի Հայաստանում LEED հավաստագիր ունեցող եզակի կառույցներից։