Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են օրինախախտ «Bentley»-ն ու «Mercedes»-ները
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Օրինախախտ շնաձկանը հայտնաբերել և սարքել կիլկի» անունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի պարեկները օպերտիվ տեղեկություններ էին ստացել, որ մարզում «Bentley» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:
Տեղում գումարտակի հրամանատար Լ. Բադալյանի հանձնարարականով՝ պարեկները գործի են անցնում և կարճ ժամանակում ճշտում են ենթադրյալ օրինախախտ վարորդների գտնվելու վայրը ու հայտնաբերում են նրանց, որից հետո ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում պարզվում է, որ «Bentley» մակնիշի «23 XX 001» համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 19-ամյա Արփինե Մ.-ն, «Mercedes» մակնիշի «27 CL 777» համարանիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Խ.-ն, իսկ մյուս «Mercedes CLS63» մակնիշի «63 HH 666» համարանիշի ավտոմեքենան վարել է 29-ամյա Հարություն Ա.-ն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Կոտայքի մարզի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը, ինչի շնորհիվ վերջին ամիսներին մարզում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարոդներ, որոնց մի մասը եղել են ոչ սթափ, չեն ունեցել ԱՊՊԱ, մեծ թիվ են կազմում այն վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունները, ովքեր ամրակապված չեն եղել: