COP29-ին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում չկա․ ԱԳ փոխնախարար
Հայաստանը Բաքվում արդեն մեկնարկած COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Դեռ որոշում չունենք: Երբ լինի որոշում, պատշաճ կերպով կտեղեկացնենք»,–ասաց Կոստանյանը:
Նա վերահաստատեց՝ մասնակցել-չմասնակցելու որոշումը կախված է Հայաստան-Ադրբեջան բանակցային դինամիկայից:
Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկել է և մինչև նոյեմբերի 22-ը կշարունակվի COP29 համաժողովը: Համաշխարհային մի խումբ առաջնորդներ տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել համաժողովին: Միջազգային մի խումբ գործիչներ Ադրբեջանին կոչ էին արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին ընդունած բանաձևում ԵՄ-ին կոչ էր արել COP-29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելացնել, որպեսզի վերջինս ազատ արձակի բոլոր հայ գերիներին։ Համաժողովին ընդառաջ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել միջազգային տարբեր գործիչներ։