Ծովասարից հեռուստացույց, բենզինային շարժիչ և հագուստ գողացողները հայտնաբերվել են Կոտայքի մարզում
Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 9-10-ը՝ ժամը 10-ի մոտակայքում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ծովասար գյուղի տներից մեկի պատուհանը և գողացել հեռուստացույց, էլեկտրականություն ապահովող բենզինային շարժիչ և հագուստ:
Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և ՔՈԳՎ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Կոտայքի մարզի Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերի խաչմերուկում հայտնաբերվել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարտունու բաժին են տեղափոխվել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ՝ 32-ամյա և Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու երիտասարդ: Բաժնում նրանք հայտնել են, որ գողությունը կատարել են իրենք:
Պարզվել է, որ գողոնի մի մասը գտնվում է Ծովասար գյուղի 38-ամյա բնակչի «ԳԱԶ-33 021» մակնիշի մեքենայի թափքում: Մեքենան Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերի խաչմերուկից տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։