Ծառատունկ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում
Հյուսիս-հարավի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա բնակավայրում իրականացվել է ծառատունկ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է 95 ծառ, որոնց փոխարեն տնկվել են մոտ 1000-ը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը նշել է, որ կապալառու կազմակերպության պարտավորությունն է կատարել տնկված բոլոր ծառերի խնամքը մինչև դրանց կենսունակության ապահովումը, որից հետո ծառերի խնամքը կփոխանցվի Նոր Եդեսիա գյուղին։
Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ հիմնականում բարդի և հացենի։ Ծրագրի բնապահպանական թիմն ընտրել է այնպիսի ծառատեսակներ, որոնք կարող են աճել նշված բնակավայրի բնակլիմայական պայմաններում։