Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը
Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Լեոյի առաջին բեմական փորձը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
Cosmic Friend երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում:
Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ. գուցե թռչող ափսեո՞վ:
Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: