Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել, հայտնում է Shamshyan.com։
Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։