Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից մի քանի շաբաթ անց հրապարակել երկրի պաշտպանական ծախսերն ավելացնելու ու ՀՆԱ-ի 2.5 տոկոսին հասցնելու ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ նշելով, որ այդ քայլը միտված է լինելու Սպիտակ տան նոր ղեկավարի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերի ավելացման երկար սպասված ժամանակացույցն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի գարնանը, քանի որ լեյբորիստները ձգտում են կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի նոր նախագահի հետ: Պարբերականի գնահատմամբ՝ այդ քայլը կարող է Թրամփի հետ հաշտության ինքնատիպ դրսևորում լինել՝ հաշվի առնելով, որ վերջինս նախկինում բազմիցս քննադատել է եվրոպացի դաշնակիցներին՝ հորդորելով ավելացնել սեփական պաշտպանության ծախսերը և այդ բեռը չթողնել ԱՄՆ-ի ուսերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը պաշտոնյաներին հանձնարարել է առաջարկություններ պատրաստել երկրի տնտեսության վրա Թրամփի նախագահության ազդեցության, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների վերաբերյալ:
Թեև պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2.5 տոկոսին հասնելու ճշգրիտ ժամկետը դեռ որոշված չէ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը գործող վարչապետին կոչ է արել դա իրագործել մինչև 2028 թվականը, այնուհետև՝ մինչև 2030 թվականը ծախսերը հասցնել 3 տոկոսի: Ուոլեսը գտնում է, որ դա է Բրիտանիայի առաջատարությունը պահպանելու և ժամանակակից զինված ուժեր ստեղծելու միակ միջոցը:
Ներկայում Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2.2 տոկոսը։ Դա գերազանցում է 2 տոկոսի թիրախը, որը ՆԱՏՕ-ն սահմանել է իր անդամների համար: Այդ ցուցանիշով Մեծ Բրիտանիան 8-րդն է ՆԱՏՕ-ին անդամակցող 32 երկրների շարքում: Ռազմական ծախսերի ավելացումը մինչև 2.5 տոկոսի Բրիտանիային թույլ կտա բարձրանալ 4-րդ հորիզոնական: