Մադրիդում կայանալիք Համահայկական բժշկական կոնգրեսի առանցքում ՀՀ առողջապահական ոլորտի ռազմավարական ծրագրերն են
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։
Այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները:
Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:
Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու «AMWC2025»-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ»,- գրել է նախարարը: