Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։
Նորին Սրբությունը նկատել է, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր Աթոռում լավագույն առիթ է վերապատրաստման ծրագրի շրջանակներում ամբարած գիտելիքներով և հովվական կյանքի փորձառությամբ առակա մարտահրավերների, հովվական կյանքին առնչվող ու հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ համատեղ քննարկումներ կազմակերպելու և դրանց հաղթահարմանն ուղղված ընդհանուր մոտեցումներ ձևավորելու:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին ծրագրի իրականացման գործում ցուցաբերած հետևողականության համար:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ: