Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել՝ հետևելու Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի շինարարության ընթացքին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, հիմնադրամի աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ նշված հատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Տիկին Ղելչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցությունը Հայաստանի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրի իրականացմանը։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության ներկայացուցիչները նշել են, որ շինհրապարակում հողային աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, առաջին տեղամասում արդեն իսկ ուրվագծվում է ճանապարհի ծրագիծը։ Շինաշխատանքներ են ընթանում թունելի և Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի կառուցման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև կամուրջների, թունելների կառուցման առանձնահատկություններին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։