Բժիշկը բացատրել է` ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման
Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը: Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում է, բացատրել է էնդոկրինոլոգ Օլգա Չերնիցկայան։
«Քնի պակասի դեպքում արյան մեջ բարձրանում է էնդոկանաբինոիդների մակարդակը, ինչը ազդում է ուտելիք ուտելու հաճույքի վրա։ Սրանք մարդու մարմնի կողմից սինթեզված նյութեր են, որոնք ակտիվացնում են կանաբինոիդ ընկալիչները, այսինքն՝ ունեն մարիխուանայի ակտիվ բաղադրիչների նման ազդեցություն։ Քնի պակասը փոխում է դրանցից մեկի՝ 2-արախիդոնոյլ-գլիցերինի (2-AG) մակարդակի դինամիկան, որը մեծացնում է ուտելիքի օգտագործման հաճույքը՝ հատկապես յուղոտից և քաղցրավենիքից»,- ասել է բժիշկը։
Սովորաբար արյան մեջ 2-AG-ի մակարդակը գիշերը նվազագույն է, առավոտյան սկսում է աստիճանաբար աճել, օրվա կեսին հասնում է առավելագույնի և աստիճանաբար նորից նվազում է։ Քնի պակասի դեպքում 2-AG-ի ցերեկային կոնցենտրացիան աճում է և բարձր է մնում մինչև երեկոյան ժամը ինը: Ահա թե ինչն է առաջացնում բարձր կալորիականությամբ մթերքների ավելորդ օգտագործումը՝ քնի պակասի դեպքում։
«Քնի պակասը բացասաբար է անդրադառնում սնվելու վարքագծի վրա, սակայն գիտականորեն ապացուցված է նաև հակառակ կապը՝ մանրաթելերի ցածր քանակությունը և հագեցած ճարպերի և շաքարի մեծ քանակությունը կապված են ավելի թեթև, հանգիստ քնի պակասի և գրգռվածության բարձր մակարդակի հետ: Այսպիսով, հանգիստ քունն ու հավասարակշռված սննդակարգը առողջության գրավականն են»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ եզրափակել է բժիշկը։