Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել
Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։
Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։
Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի շարք այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։
Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել միգրացիոն քաղաքականության մշակման, միգրացիոն հոսքերի կառավարման, ծառայության ինստիտուցիոնալ կայացման և թվային գործիքակազմերի ներդրման հարցերին:
Կողմերը կարևորել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը, միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։
Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ներկայացվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ստորաբաժանումների հագեցվածության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործառույթների և կրթական միջավայրի բարելավման հարցեր։
Երկուստեք կարևորվել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծվել են փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, անձնակազմի կարողությունների լավարկման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։
Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հետ:
Ներկայացնելով փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում ֆրանսիացի փորձագետների աջակցությունը, ընդգծել բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի առաջնահերթությունները:
Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նաև այցելել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և ՆԳՆ կրթահամալիր: