ՀՀ-ն Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի. ընթանում են քննարկումներ. Կոստանյան
Հայաստանը Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում՝ շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։
«Այս պահի դրությամբ Հայաստանը COP-29-ին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չունի, ընթանում են քննարկումներ: Դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով»,- ասել է Կոստանյանը:
Նա շեշտել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտենսիվացնել շփումներն ադրբեջանական կողմի հետ՝ հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը:
Կոստանյանի խոսքով՝ այս պահին նախարարների մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա: «Սակայն հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,-ասել է Կոստանյանը:
Պայմանագրի նախագծի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են կողմերի միջև չհամաձայնեցված մնալ: Փոխնախարարի խոսքով՝ բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվելու են:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք չհամաձայնեցված հարցերից է Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջ քաշվող հարցը՝ նա ասաց. «Հայաստանի Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս»: