Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ աջակցությունը շարունակական կլինի․ ԵԽ ներկայացուցիչը՝ Գնել Սանոսյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։
Մաթյո Մորին իր հերթին ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը կլինի շարունակական։
«Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին»,-ընդգծել է Մաթյո Մորին։
Հանդիպման ժամանակ շեշտադրվել է հետմոնիթորինգային գործընթացի կարևորությունը։ Մաթյո Մորին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի։
Նախարար Սանոսյանն էլ նկատել է, որ ԵԽ կոնգրեսի կողմից մոնիթորինգն առիթ է ընդգծելու կատարված աշխատանքը, Տեղական ինքնակառավարման համակարգի համապատասխանությունը Եվրոպական խարտիային, ինչպես նաև վերհանել բացթողումները և շտկել դրանք։
Անդրադարձ է կատարվել նաև Համայնքների միությանը, համայնքներին տրամադրվող դոտացիաներին, համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։