Ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիր
Նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը:
Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո (2017 – 2026թթ․)։ Այն միտված է նվազեցնելու Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցով սիստեմատիկաբար ջերմոցային գազերի արտանետումները և, այդպիսով, ապահովելու կայուն զարգացման օգուտները: Ընդգրկելով հասարակական և բնակելի շենքերը՝ ծրագիրը կենտրոնանում է շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայրի և մասշտաբավորման ընդունակ բիզնես մոդելի ստեղծման վրա:
Համաձայնագրով նախատեսվում է, որ շենքերի էներգաարդյունավետությունը Հայաստանում առաջընթաց է գրանցելու լրացուցիչ առնվազն 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման միջոցով: Դրա շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է գալու որպես ծրագրի իրականացնող գործընկեր՝ կազմակերպելով և իրագործելով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն «2024թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման Հավելված 11-ում ներառված շենքերի հիմնանորոգման ընթացքում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ֆինանսավորում։ ՄԱԶԾ-ի կողմից համապատասխան վճարումներն իրականացվելու են կատարողականի դիմաց՝ համաձայն սահմանված վճարումների ժամանակացույցի: