Գազայում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 61 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 61 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վերջին 24 ժամում իսրայելական հարձակման զոհ է դարձել 61 մարդ. նրանցից առնվազն 46-ը Գազայի հյուսիսային շրջանների բնակիչներ են, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները շարունակում են գրոհներ իրականացնել։ Վիրավորների թվի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Ավելի վաղ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր տարածաշրջանում 17 զոհի մասին՝ նշելով, որ առնվազն ևս 86 մարդ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 43 390-ը, վիրավորվել է 102 347 մարդ։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։ Շուրջ 100 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում: