Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածը 20 մարդու կյանք է խլել
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բարջա քաղաքին, ինչի հետևանքով փլուզվել է շենք, որտեղ բնակվում էին մի քանի փախստական ընտանիքներ։ Հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ գործողությունների կենտրոնը։
Գերատեսչության ամփոփագրում նշվում է, որ զոհերի թիվը 15-ից հասել է 20-ի, 14 մարդ վիրավորվել է։
«Հրթիռի պայթյունի վայրում փլվածքների մաքրումը շարունակվել է գիշերային ժամերին, զոհերի և տուժածների թիվը կարող է աճել», - նշվում է տեքստում։
Հրթիռներն արձակվել են Քամալ Ջումբլաթի անվան միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի ուղղությամբ, որտեղ բնակություն է հաստատել մոտավորապես 600 տեղահանված մարդ։ Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, օդային գրոհի նպատակը շիա «Հեզբոլլահ» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Աբդուլլահ Իբրահիմի ոչնչացումն էր։ Նրա ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։