Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված երգի պրեմիերան
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի): Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք արդեն իրականացվել կամ ընթացքի մեջ են:
«Հատկանշական է, որ ազնավուրյան տարի է հայտարարված ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. ինչպես գիտեք՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Ի մեծարումն Ազնավուրի՝ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, շատերն էլ ընթացքի մեջ են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ներկայացնելով հոբելյանական տարվա ծրագրերը։
Ազնավուրի 100-ամյակի միջոցառումներին պետական միջոցներից ընդհանուր առմամբ տրամադրվել է 773 մլն 126 հզ դրամ: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ միջոցառումներն անցկացվել են համընդգրկուն ծավալով՝ ապահովելով բարձր մասնակցայնություն։
Անդրադառնալով նոր երգի պրեմիերային՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ որոշվել է շանսոնյեի հոբելյանական տարին նշանավորել ոչ միայն դասական ձևաչափով․ «Կարևոր էր տեսնել, թե այսօրվա հասարակությունը, հատկապես երիտասարդները, ինչպես են յուրացնում, ընկալում Ազնավուրի երաժշտական, կինոյի, թատրոնի, լուսանկարչական ժառանգությունը: Եվ հենց այս մոտեցման ծնունդն է «Երբեք» երգը, որն Ազնավուրին ընկալելու յուրօրինակ մոտեցում է»: