«Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանության վարչությունում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգով դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։
Քննիչի հանձնարարականով «Opel Zafira»-ն տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։