Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու անգամ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը:
Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխն էլ տեսանելի են մի քանի հարյուր մետրից: