«ՖԱԶ»-ի սպանության գործով մեղադրյալ «Չաղ Ռուստամը» կալանքի ընթացքում երկու անգամ տեղափոխվել է հիվանդանոց
Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպшնության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», երկու անգամ ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման, «Փաստինֆո»-ին ասել է ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Կալանքի ողջ ընթացքում երկու անգամ է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, հետազոտվելուց հետո, նույն օրը վերադարձել քրեակատարողական հիմնարկ»,- նշել է Նավիկյանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքերի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1988թ.ծնված և «գլխի մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշմամբ 1980թ.ծնված երկու տղամարդ։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 23.13-ին Շինարարների 25 շենքի դիմացի հատվածում անհայտ անձը հրազենից կրակել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց ուղղությամբ, որտեղ 1980թ.ծնված Սերգեյ Գ-ն, գիտակցության չգալով, մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:
Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպшնության թելերը տանում են դեպի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ավելին, «Ֆազ»-ի և «Չաղ Ռուստամի» միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով, իսկ ահա կատարողները դեպքից հետո հատել են ՀՀ սահմանը և մեկնել ՌԴ։