Մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում
Երևանի պետական համալսարանը այսօր սոցիալական աշխատողի օրվա և Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 20-ամյակին նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի շրջանակում Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում։
Քայլաշ Սաթյարթին Հայաստանում է մասնակցելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին նախատեսված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչ Հերբերտ Պաուլիշինը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ՀՍԱԱ նախագահ Միրա Անտոնյանը, պատվավոր հյուրեր, դասախոսներ, ամբիոնի շրջանավարտներ, ուսանողներ։
Նախարար Նարեկ Մկրտչյանը, բարձր գնահատելով սոցիալական աշխատողի մասնագիտության զարգացմանն ուղղված ֆակուլտետի ամենօրյա աշխատանքը, նշել է, որ այն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն աջակցելու առաքելություն է, որը պատվով իրականացնում են սոցիալական աշխատողները։ Տարաբնույթ ճգնաժամեր հաղթահարելու ճանապարհին անգնահատելի է նրանց աշխատանքն ու ցուցաբերած ջանքերը. այն մարդուն օգնելու և կյանքը փոխելու գրագետ գործընթաց է։ Խոսել է Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի գործունեության մասին, ում ջանքերի շնորհիվ ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում ստրկությունից, բռնի աշխատանքից, ամենատարբեր բռնություններից ազատվել է շուրջ 100 000 երեխա։
Միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները, փորձագետները, ԵՊՀ շրջանավարտները և ուսանողները քննարկել են սոցիալական աշխատանքի ձեռքբերումները, մարտահրավերները և ոլորտի ապագա զարգացման ընթացքը։